Ռուսաստանի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» համալիրների վերջին՝ 10-րդ բրիգադային կոմպլեկտը

«Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ 2011 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի զինված ուժերի սպառազինությունը համալրվել է տասներորդ բրիգադային կոմպլեկտով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հրթիռային բրիգադի անձնակազմին է փոխանցվել մի քանի տասնյակ արձակման կայան, լիցքավորման և հրամանատարաշտաբային մեքենաներ, տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ սա 2011 թվականին կնքած պայմանագրի շրջանակներում թվով վերջին բրիգադային կոմպլեկտն է:

ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքի հրապարակման համաձայն՝ «Իսկանդեր-Մ» համալիրի բրիգադային կոմպլեկտի մեջ մտնում է 12 արձակման կայան, 12 տեղափոխման-լիցքավորման մեքենա, ինչպես նաև կառավարման, սպասարկման համար նախատեսված 27 այլ մեքենա:

Մինչ այս հայտնի էր, որ Ռուսաստանի զինված ուժերում առկա է այս համալիրների առնվազն 9 բրիգադային կոմպլեկտ: «Իսկանդերներ» գնելու այս պայմանագիրը Ռուսաստանի ՊՆ-ն կնքել է 2011 թվականին: Դրանով նախատեսված էր 10 բրիգադ հրթիռային համալիրների մատակարարում Ռուսաստանի զինված ուժերին:

Ավելի ուշ՝ 2017-ի օգոստոսին, ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատվիրել է հավելյալ 2 բրիգադ՝ նշելով, որ երկու բրիգադի համար ՌԴ պաշտպանության նախարարությունը վճարելու է 20 մլրդ ռուբլի, որը ներկա փոխարժեքով համապատասխանում է 338 մլն ամերիկյան դոլարին. բրիգադը՝ մոտ 170 մլն դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *