Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենք արդեն մեծ հաշվով ավարտել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության արդյունքում գրաված տարածքում թուրքական զինուժի համար ռազմաբազայի կառուցման աշխատանքները: Նուրեթթին Ջանիքլին նման հայտարարություն արել է խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ:
Ըստ թուրք նախարարի՝ բազան կառուցվում է գործողությանը ներգրավված Թուրքիայի ԶՈւ զինծառայողների «տեղակայման կարիքների համար»: Ըստ Ջանիքլիի՝ խոսքը Հալեպից հյուսիս գրաված 2015 քառ. կմ տարածքի մի հատվածում բազա հիմնելու մասին է:
Սիրիայի հյուսիսում բազայի կառուցման մասին դեռևս 2017 թ. փետրվարին հայտնել էր թուրքական «Հյուրիեթ» պարբերականը: Նշվում էր, որ բազան հիմնվում է Ալ-Բաբ քաղաքի մոտ՝ Աքիլ բլրի վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2016-2017 թթ. Հալեպից հյուսիս իրականացրեց «Եփրատի վահան» գործողությունը, ինչի արդյունքում նշված շրաջնները անցան Թուրքիայի վերահսկողությանը: Բազայի կառուցումը ենթադրում է, որ Թուրքիան փորձում է հիմնավորվել սիրիական այդ տարածքներում:
Սրանից բացի, 2017 թ. հոկտեմբերին Թուքիան Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնության շրջանակներում սկսեց ստորաբաժանումներ տեղակայել Սիրիայի մեկ այլ՝ Իդլիբ նահանգի տարածքում: Ըստ որում այսպիսով թուրքական զինուժը մի քանի կողմից շրջափակում է Աֆրինում տեղակայված քրդական ուժերին: