ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել 2 ֆիզիկական անձի և 4 ընկերության նկատմամբ, որոնցից երկուսը գործում են Գերմանիայում։ Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄՆ Ֆիննախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռեզա Հեյդարիի և Մահմուդ Սեյֆիի, ինչպես նաև  Թեհրանում գործող Pardavesh Tasvir Rayan,  Tejarat Almas Mobin և Գերմանիայում գործող ForEnt Technik և Printing Trade Center ընկերությունների նկատմամբ։

Ընկերությունները և ֆիզիկական անձինք մեղադրվում են «հարյուրավոր միլոն դոլարին» համարժեք կեղծ եմենական ռիալներ տպելու և այդ գործունեությունից ստացված հասույթով «Ղոդսին» աջակցելու մեջ։

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը համակարգում է Իրանից դուրս այդ երկրի գործողությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել էր 1979թ. Իրանի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցների ժամկետը։

Հոկտեմբերի 13-ին Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր ժամկետ է տվել՝ քննարկելու Օբամայի վարչակարգի օրոք Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ վերացված պատժամիջոցները վերականգնելու հարցը:

Հենց նույն օրը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ն ներառել էր այն կազմակերպությունների ցուցակում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ահաբեկիչներին: ԻՀՊԿ-ից բացի պատժամիջոցներ էին սահմանվել 3 իրանական ընկերության նկատմամբ:

Բացի այդ  հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նոր օրինագիծ։  Օրինագծով պատժամիջոցներ են նախատեսվում են այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք օժանդակում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին։ Որպեսզի դառնա օրենք, օրինագիծը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից, այնուհետև անցնի նախագահի ստորագրմանը։

Իսկ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել իրանական 27 կազմակերպության և 14 ֆիզիկական անձի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում էին նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, ԻՀՊԿ «Բասիջ» կամավորների ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ռեզա Նաղդին,  ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը, Բասիջը, մի քանի ռազմական համալսարաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *