Թուրքիայի Սղերթ նահանգի Էրուհ շրջանում հայտնաբերվել է դեռ անցած տարի թուրքական բանակի գործողությունների հետևանքով մահացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 5 անդամի դիերը։
Ինչպես փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը, դիակերը պատահաբար հայտնաբերել են հովիվները։
PKK-ականները սպանվել են 2012 թվականի աշնանը Չիրավ լեռան վրա մարտերի ընթացքում, իսկ նրանց մարմինները մի քանի ամիս մնացել են բաց երկնքի տակ։
Պարզվել է, որ սպանված PKK-ներից երեքը կանայք են։ Սպանվածներից մեկն էլ Էրուհի քաղաքապետ Մելիհ Օքթայի եղբայրն է՝ Սադըք Օքթայը։
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա քրդական անկախ պետության հիմնումը:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ: