Իսրայելը մեղադրում է ԱՄՆ-ին՝ գաղտնի ռազմաբազայի տվյալները հրապարակելու մեջ

Համաձայն բրիտանական The Times-ի՝ Իսրայելը մեղադրանքներ է ներկայացրել ԱՄՆ-ին։

Պատճառն այն է, որ տենդերի միջոցով մասնավոր ընկերություններ ներգրավելու նպատակով ԱՄՆ կառավարությունը բոլորին հասանելի ձևաչափով հրապարակել է Թել Շահարում նոր գաղտնի հրթիռային բազայի կառուցման փաստաթղթերը։

Իսրայելի ռազմական ղեկավարության աղբյուրներից մեկն այս արարքը որակել է «շոկային` հավելելով, որ եղած տվյալները բավարար են, որպեսզի թշնամին հարձակում գործի բազայի վրա, սակայն չի ասել՝ արդյոք կառուցման ծրագրերում փոփոխություններ կլինեն՝ կապված տվյալների գաղտնազերծման հետ։

Պենտագոնից արձագանքել են, որ նմանօրինակ հրապարակումները պարզապես անհրաժեշտություն են, որպեսզի այն ընկերությունները, որոնց հետ պայմանագիր են կնքելու, պատկերացում ունենան՝ մոտավոր որքան է արժենալու նախագիծը, իսկ շինարարական աշխատանքները պայմանագրի կնքումից հետո կարող են և ընթանալ լիովին այլ նախագծով։

Նշենք, որ ամերիկյան կողմից հրատարակված տվյալները կազմում են շուրջ 1000 էջ։ Դրանցից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ ողջ նախագիծն արժե 25 մլն դոլար, բազայում պետք է որ տեղակայվեն Arrow 3 հակահրթիռային համակարգեր, և, ինչը զարմանալի է, հանգամանալից ներկայացված է հատակագիծը, խորությունը, սառեցման և տաքացման համակարգերը, պատերի հաստությունը, շինարարական նյութերը և այլն։

Այս բազան իսրայելաամերիկյան առաջին համատեղ նախագիծը չէ. 1998-ից ԱՄՆ-ն մասնակցել է Իսրայելի տարածքում տարբեր ռազմական օբյեկտների նախագծմանն ու կառուցմանը՝ ընդհանուր առմամբ 500 մլն դոլար արժողությամբ։ Ոչ վաղ անցյալում՝ 2012-ին, ամերիկյան կապալառուները սկսել են Թել Ավիվին կից «տեղ 911» անունը կրող ռազմաօդային բազայի շինարարությունը, սակայն որևէ մանրամասներ այս փաստի առնչությամբ չեն հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *