Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Նոյեմբերի 20-ին Պակիստանի ռազմածովային ուժերի նավախումբը խարիսխ է գցել Իրանի հարավային Բանդարաբաս նավահանգստում։ Նավախմբի հնգօրյա այցի հայտարարվող նպատակներից է երկու երկրների ռազմածովայինների փորձի փոխանակումը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Այցի ավարտին Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն համատեղ վարժանքներ։ Պակիստանի ՌԾՈւ նավախումբը կազմված է «Դեհշաթ» ռազմանավից և «Ռահնավարդ» առագաստանավից։

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժության ժամանակ (արխիվ)

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժության ժամանակ (արխիվ)

Հիշեցնենք, որ 2017թ. մարտին, Պակիստանի ՌԾՈւ նավախումբը՝ կազմված «Թիփփու սուլթան» ականակիր նավից և «Ջուրրաթ» հրթիռային նավից, եռօրյա բարեկամական այցով մեկնել էր Իրան  և Օմանի ծովում համատեղ զորավարժություն անցկացրել Իրանի ռազմածովային ուժերի հետ:

Նմանատիպ այցով Պակիստանի ՌԾՈւ նավերը Իրան են մեկնել նաև 2014 և 2016 թվականներին։

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին Իրանի ռազմածովային ուժերի «Նաղդի» ականակիր նավը և «Թոնբ» թիկունքային ապահովման նավը 3-օրյա պաշտոնական այցով մեկնել էին Պակիստան և այդ երկրի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ անցկացրել:

Պակիստան Իրանը նավախումբ ուղարկել է նաև 2016-ի սեպտեմբերին։ Իրանը նաև մասնակցել է  2017-ի փետրվարին Պակիստանում անցկացված «Աման-17»  զորավարժությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *