Այսօր՝ նոյեմբերի 20-ին, թուրքական կողմը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական ուժերը հրետակոծել են Իդլիբում Թուրքիայի զինուժի դիրքերը, թուրքական կողմը պատասխանել է: Միևնույն ժամանակ Թուրքիան մեծ քանակությամբ նոր ուժեր է նետել Իդլիբի՝ հենց Աֆրինին հարակից տարածքներ, իսկ քրդերը նշում են, որ թուրքական հետախուզական ինքնաթիռները ակտիվորեն շրջում են Աֆրինի երկնքում:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» 5 անգամ արկակոծել են Աֆրին-Իդլիբ սահմանազատման գոտում Թուրքիայի ԶՈւ հենակետերից մեկը: Թուրքական կողմը պատասխանել է նույնպես հրետանային կրակով: Կորուստների մասին որևէ տեղեկություն չկա:
Ընդամենը մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ից 20-ի լույս գիշերը, Թուրքիան մեծ քանակությամբ զինտեխնիկա և անձնակազմ էր ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ՝ հենց Աֆրինին սահմանակցող շրջաններ:
Սրան զուգահեռ թուրքական իշխանամետ մամուլում սկսվել են տեղեկություններ շրջանառվել Աֆրինում հնարավոր գործողություններ սկսելու հավանականության մասին: Առայժմ այս հարցի հետ կապված որևէ հստակ տեղեկատվություն չկա:
Ավելացնենք, որ քրդական ANF գործակալության տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի հետախուզական և ռազմական ինքնաթիռները սկսել են ակտիվորեն պտտվել Աֆրինի երկնքում:
Հիշեցնենք, որ Թուրքիան Մոսկվայի և Թեհրանի հետ համաձայնությամբ հոկտեմբերից ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի Իդլիբ նահանգ: Թուրքական կողմը պետք է վերահսկի նահանգում «հրադադարի պահպանումը» տարբեր զինյալ խմբավորումների կողմից: Հատկանշական է, որ Թուրքիան իր զորքերը տեղակայել է Իդլիբի հյուսիսային շրջաններում՝ հենց Աֆրինի դիմաց:
Աֆրինը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող 2 խոշոր փաստացի ինքնավար շրջաններից մեկն է: Մյուս՝ Եփրատից արևելք ընկած և տարածքով անհամամեմատ ավելի մեծ հատվածում քրդերը համագործակցում են Միացյալ Նահանգների հետ: Աֆրինի շրջանում քրդերի հետ համագործակցում էր Ռուսաստանը: Սակայն վերջերս Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Աֆրինում քայլերի շուրջ համաձայնության են եկել Ռուսաստանի հետ:
Հաշվի առնելով այս փաստերը՝ չենք կարող բացառել, որ Թուրքիան կփորձի գործողություներ սկսել Աֆրինը քրդերի վերահսկողությունից վերցնելու համար: սակայն դրա համար անհրաժեշտ կլինի համաձայնության գալ Սիրիայի հիմնական խաղացողների հետ, ինչը կարող է մի շարք բարդությունների բերել: