ՌԴ Բառնաուլի ՌՏԿ-ի կառուցումը կավարտվի 2017-ին

ՌԴ Ալթայի երկրամասում՝ Բառնաուլին կից մեկնարկել են հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգով «Վորոնեժ-ԴՄ» ռադիոտեղորոշման կենտրոնի (ՌՏԿ) շինարարության աշխատանքները։ Ընդ որում, 2013-ի հուլիսի 1-ին արդեն իսկ պետք է պատրաստ լինի սարքավորման մոնտաժման հարթակը, իսկ բուն կառուցողական աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել 2016-ի վերջին։ Չի բացառվում, որ ՌՏԿ-ն մարտական պատրաստվածության բերվի հենց մեկուկես տարի անց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Վորոնեժի» տիպի ՌՏԿ-ների կառուցումը Կալինինգրադի և Իրկուտսկի շրջաններում պետք է որ ավարտվի 2014-ի վերջին։

ՌԴ ԶՈՒ գործող պետական ծրագիրը ենթադրում է երկրում մինչև 2018-ը հրթիռային հարձակման վաղ ահազանգման համակարգով ապահովված մշտական ռադիոտեղայնացման դաշտի ստեղծում։

«Վորոնեժ-ԴՄ» ՌՏԿ

«Վորոնեժ-ԴՄ» ՌՏԿ

Բառնաուլի ՌՏԿ-ից զատ, նախատեսվում է «Վորոնեժ» տիպի կայաններ հիմնել նաև Կոմիի հանրապետությունում և Մուրմանսկի շրջանում։
Նշենք, որ «Վորոնեժ» կայաններն ունակ են հայտնաբերել բալիստիկ, աերոդինամիկ ու տիեզերական թիրախներ, հետևել և որակավորել դրանք, ապա թիրախի մասին ողջ տեղեկությունը փոխանցել կառավարման կենտրոն։ Ռադիոտեղորոշիչ սարքերը ստեղծվում են մոդուլային սխեմայով, ուստի ենթակառուցվածքների հետ միասին մեկ կայանի կառուցումը կարող է տևել 1,5-2 տարի։

Ներկա դրությամբ մարտական պատրաստվածության են բերված «Վորոնեժ» տիպի 4 ՌՏԿ-ներ՝ Կալինինգրադի շրջանի Պիոներական գյուղում, Իրկուտսկի շրջանում, Լենինգրադի շրջանի Լեխտուսում և Կրասնոդարի շրջանի Արմավիրում։ Այս ՌՏԿ-ների գործողության շառավիղը մոտ 6 հազար կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *