Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում. Ակնարկ

2017 թվականի մարտին ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանում NAZ-Lifan մեքենաների արտադրությունը կանգնել է[1]։Որոշ ժամանակ անց գործարանի սալոններից մեկի փոխտնօրենը հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ մեքենաների արտադրությունը շարունակվում է[2]:

Սակայն Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայության հոկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 30 մարդատար մեքենա, ինչը չնչին թիվ է տարեկան 5000 մեքենա արտադրելու հզորություն ունեցող գործարանի համար։ Սրան էլ ի պատասխան՝ NAZ-Lifan-ի սալոնի փոխտնօրեն Փոլադ Սադիքովը նշել է[3], որ գործարանի աշխատանքում «նկատելի է արտադրական տեմպերի նվազում», որը բացատրել է գնորդների սակավությամբ։ Դեռևս 2015–16 թթ. արտադրված մեքենաների մի մասը շարունակում է մնալ գործարանում։

2009 թվականի մայիսին Պեկինում կայացած չին-ադրբեջանական գործարար համաժողովի շրջանակներում չինական Lifan ընկերության և Նախիջևանի ավտոմոբիլային գործարանի միջև ստորագրվում է համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է Նախիջևանում Lifan մակնիշի մեքենայի հավաքում NAZ-Lifan անվանումով։ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանը հանձնվում է շահագործման 2010 թվականի հունվարի 11-ին:

Գործարանի ընդհանուր տարածքը 2.6 հա[4]է, որը ներառում է 2472 մ2 արտադրամաս, 720 մ2 պահեստ, 2538 մ2 ավտոկայանատեղ, 450 մ2 ցուցադրության սրահ և այլն։ Աշխատողների թիվը՝ 50 մարդ տեղացիներից, ամսական 250 մանաթ միջին աշխատավարձով[5]։ Գործարանի տնօրեն Մուսա Աբդուլլաևը հայտնել է, որ գործարանը կարող է տարեկան 5000 մեքենա արտադրել մեկ հերթով աշխատելու դեպքում, իսկ երկու հերթով աշխատելու դեպքում ցուցանիշը կարելի է հասցնել 10000-ի[6]: Ուշագրավ է, որ մեկ օր անց նույն մարդը 15–20 հազար թիվն է հիշատակում[7]։

Naz Lifan մեքենաները

Naz-Lifan մեքենաները

Այժմ գործարանում կարող են հավաքել NAZ-Lifan 720, NAZ-Lifan 820 (premium), NAZ-Lifan 620, NAZ-Lifan 630» (sedan), NAZ-Lifan X50 և  X60 (SUV), NAZ-Lifan 320 և 330 (Mini) մոդելները: Ավտոմասերը ներկրվում են Չինաստանից։ Մեքենաների վաճառքի գինը սկսվում է 8 հազ. Մանաթից (մոտ $4700)։ Lifan premium 820 մոդելի գինը հասնում է 32500 մանաթի (մոտ $19100), ինչն ավելի է, քան նույն մոդելի արժեքը Չինաստանում։

Գործարանի շահագործման հանձնելու առաջին տարում՝ 2010 թվականին, մամուլը գրում էր, որ հավաքված մեքենաների թիվը տարեվերջին կհասնի  600-650-ի[8]։ Հաջորդ տարիների հրապարակումներում նշվում է, որ 2010 թվականին գործարանն արտադրել է 489 մեքենա[9]: Նույն հրապարակումների համաձայն՝ 2013 թվականին գործարանն արտադրել է 567 մեքենա, սակայն Ադրբեջանում ՌԴ առևտրային ներկայացուցչության տարեկան հաշվետվություններում նշվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 424 թեթև մարդատար։ Վերջին տարիներին Արդբեջանում մեքենաների արտադրանքի ծավալն անկում է ապրում։

Տնտեսական մեկնաբան, «ՌԵԱԼ» («Հանրապետական այլընտրանք») ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար և համահիմնադիր Նաթիգ Ջաֆարլին (Natiq Cəfərli) կարծում է, որ այս մեքենաները ամենայն հավանականությամբ կվաճառվեն տարբեր նախարարությունների.

«Ամեն դեպքում ես դա հիմարություն եմ համարում, որովհետև սա արտադրություն չէ, այլ պարզապես մեքենաների հավաքում։ Բոլոր դետալները գնվում են Չինաստանից դոլարով, մեքենաները վաճառվում են մանաթով, որոնք էլ իրենց հերթին դոլարների վերածվելով՝ հաջողությամբ դուրս կգան երկրից», — նշում է մասնագետը։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Նաթիգ Ջաֆարլին

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Նաթիգ Ջաֆարլին

Տեղական արտադրության մեքենաները կազմում են երկրի մեքենաների քանակի ընդամենը 0,6 %-ը[10]։ Այդ մեքենաների վարորդների թիվը մեծացնելու համար 2016 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնյաներին «խորհուրդ տվեց» ձեռք բերել Նախիջևանում արտադրվող մեքենաներ. «Մենք Նախիջևանում ավտոմոբիլային գործարան ունենք։ Խորհուրդ եմ տալիս պաշտոնյաներին ավելի շատ ձեռք բերել այդ մեքենաներից։ Շատ լավ մեքենաներ են, արտասահմանյաններից գրեթե չեն տարբերվում»։

Ադրբեջանական արտադրությունը խթանելու համար արդյո՞ք պատրաստ են պաշտոնյաները փոխարինել իրենց Mercedes-ներն ու BMW-ները Ադրբեջանում հավաքվող չինական Lifan-ներով (Օրինակ՝ Ադրբեջանի ՃՈ-ն օգտագործում է հենց BMW մեքենաներ)։ Միլլի Մեջլիսի պատգամավորներ Եվդա Աբրամովը և Ազայ Գուլիևը Vzglyad.az-ին հայտնել են, որ պատրաստվում են փոխել իրենց Nissan մակնիշի մեքենաները, իսկ Ասիմ Մոլազզադեն չի պատրաստվում փոխել ի ր «Տոյոտան»։

Մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Կրթության նախարարությունը ծառայողական նպատակներով 25 NAZ-Lifan է գնել, իսկ Հարկային նախարարությունը  և  Էներգետիկայի նախարարության ծառայողական մեքենաների թվում NAZ-Lifan-ներ առհասարակ չկան։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը NAZ-Lifan գնել է միայն զինհաշմանդամների համար։

NAZ-Lifan մեքենայից Ադրբեջանում կարծես թե այնքան էլ գոհ չեն։ Զինհաշմանդամ Զիյա Բադալովը 2014 թվականից NAZ-Lifan է վարում[11]։  Բադալովը հայտնում է, որ ամեն ամիս ստիպված է դիմել տեխնիկական սպասարկում իրականցնող ծառայության. մեքենան անընդհատ փչանում է։ Այն նաև շատ վառելիք է ծախսում, իսկ ավտոմասերն էլ բավական թանկ արժեն։

2016 թվականին գործարանն արտադրել է 270 մեքենա, որից վաճառվել է 231-ը։ Ընդ որում ևս 85 մեքենա գործարանում են մնացել դեռ 2015 թվականից։ Ստեղծված իրավիրաճակը գործարանի տնօրենը բացատրում է նրանով, որ անցյալ տարվանից բանկերը դադարեցրել են ավտովարկեր տրամադրել։ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկը գրում է, որ NAZ-Lifan-ի կարգի մեքենաներն արժեն 11–20 հազար մանաթ, մինչդեռ NAZ-Lifan-ի շուկայական գինը 11–35 հազար մանաթ է[12]։ Հեղինակը նշում է, որ նման մեքենաները կարելի է վաճառել միայն պետպատվերի շրջանակներում և հավելում, որ նախորդ տարվա ամբողջ արտադրանքը վաճառվել է նախարարություններին։

Հետաքրքրական է, որ թեև ադրբեջանական արտադրության մեքենաների պահանջարկ Ադրբեջանում գրեթե չկա, սակայն մամուլը գրում է կառուցվող նոր գործարանի մասին[13]։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նոր գործարանի հզորությունը լինելու է տարեկան 10000 մեքենա, որտեղ արտադրվելու են իրանական Dena Runna, Soren, Samand մակնիշի մեքենաներ։

Սույն հոդվածի համար անհրաժեշտ ուսումնասիրությունը կատարվել է «Զորակն» գիտակրթական հիմնադրամի՝ 2017 թ. փետրվարի 21-ից ապրիլի 8-ը անցկացրած «Ադրբեջանը լուրերում» դասընթացի շրջանակներում։


[1]Кризис на автомобильных заводах в Азербайджане, Minval.az, https://goo.gl/sW3Fhn

[2] В NAZ-Lifan прокомментировали информацию о прекращении производства в Азербайджане, 1news.az, https://goo.gl/vUtUaX

[3] “Naz Lifan”ın direktor müavini: “Satış zəifləyib” ” Ən çox maşın alan nazirlik, Cebhe.info, https://goo.gl/dWiSj4

[4] NAKHCHIVAN AUTOMOBILE PLANT, NSK, https://goo.gl/tMh12h

[5] В Азербайджане открыт новый автомобильный завод, Abc.az (Հոդվածը հեռացվել է, դնում ենք արխիվացված տարբերակը), https://goo.gl/VwjQzK

[6] Директор NAZ: У нас есть модели для чиновников, Oxu.az, https://goo.gl/tVAbAH

[7] Чиновники встали в очередь за NAZ, Oxu.az, https://goo.gl/4gmctA

[8] Nakhchivan to produce offroad vehicles, News.az, https://goo.gl/8Mi8Vv

[9] Реакция министров на инициативу Ильхама Алиева, Vzglyad.az, https://goo.gl/uEUGh2

[10] Car production to յump by 2018, Nigar Orucova, https://goo.gl/E35Mfj

[11] Президент не знает, насколько проблемная эта машина, Minval.az, https://goo.gl/WFrUuj

[12] Конец очередной «эпопеи», Novoye-vremya.com, https://goo.gl/tqPt1M

[13] “Azərmaş”-“İran Khodro” birgə avtomobil zavodunun açılacağı vaxt bilindi, Fins.az, https://goo.gl/2WnqEM

One response to “Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում. Ակնարկ

Մեկնաբանել ԱրմանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *