Թուրքիային ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի իրականացումը կսկսի այն բանից հետո, երբ Անկարան ամբողջությամբ վճարի պայմանագրով նախատեսված գումարը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական հարցերով համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Տվյալ պայմանագրի գործնական կատարումը սկսվելու է այն պահից, երբ թուրքական կողմը ամբողջությամբ կփոխանցի անհրաժեշտ ֆինանասական միջոցները», – հայտարարել է պաշտոնյան:
Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնման գործընթացն ավարտված է:
Ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:
Նշենք, որ Ս-400 համակարգերի ձեռքբերելու գործընթացին զուգահեռ, Թուրքիան փորձում է տեղական ՀՕՊ համակարգը մշակելու համար համագործակցել ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ:
Նոյեմբերի 8-ին Թուրքիան Ֆրանսիայի և Իտալիայի հետ ստորագրել է մտադրության մասին հռչակագիր (letter of intent)՝ պաշտպանության ոլորտում, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության հարցում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ: Նախատեսվում է Թուրքիայի համար ՀՕՊ համակարգեր մշակել SAMP/T ՀՕՊ համակարգերի հիմքի վրա: Այս մասին առավել մանրամասն այստեղ: