Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից գումարի դիմաց կազատվեն մինչև 2020-ը. նախագիծ

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ է ընդգրկվել օրինագիծը, որով Հայաստանից դուրս գտնվող, պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:

Օրենքի լրամշակված տարբերակին ՀՀ Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նոյեմբերի 10-ի արտահերթ նիստի ընթացքում:

Ըստ լրամշակված տարբերակի՝ օրենքի գործողության ժամկետը ավարտվում է 2019-ի դեկտեմբերի 31-ին: Ի սկզբանե պաշտպանության նախարարությունը առաջարկել է օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս  հնարավոր չի լինի փոփոխել-երկարաձգել: Առաջարկը, սակայն, չի ընդունվել, որովհետև այն հակասահմանադրական էր. սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:

Այնուամենայնիվ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի շրջանակներում որոշվել է, որ օրենքը ուժի մեջ պետք է մնա մինչև 2019 դեկետմբերի 31-ը: Այսինքն, 27 տարին մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը լրացած քաղաքացիները իրավունք կունենան գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: 

Օրենքի գործող տարբերակով այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2015-ի մայիսի 1-ը, տույժը կարող են վճարել անժամկետ:

Սա մի կողմից թերևս նպատակ է հետապնդում, որ մինչև նշված ժամկետը առավելագույն թվով մարդ կվերադառնա և գումար կմուծի պետբյուջե, քանի որ քրեական հետապնդումից ազատվելու իրավունքը 2019 թվականից հետո չի գործելու, մյուս կողմից նաև զգուշացում է ներկայում խուսափել պատրաստվողների համար, որպեսզի նրանք «հույս չունենան»՝ հետագայում գումարի դիմաց խուսափել ծառայությունից:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվել է տույժի նոր չափ, եթե նախկինում անձինք, ըստ կատեգորիաների, խուսափած ամեն զորակոչի համար նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկ գումար էին մուծում, այժմ բոլորի համար գումարի չափը նույնն է՝ երկուհարյուրաապատիկի չափով գումար (200 հազար դրամ):

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվել է երկուհարյուրապատիկի և հինգհարյուրապատիկի առաջարկություն, ընդունվել է երկուհարյուրապատիկը:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։

ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ՝ դեռևս հունիսի 1-ին, հայտնել էր, որ օրենքի ժամկետի պարբերաբար երկարաձգումը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին. Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը:

«Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից: Միևնույն ժամանակ պետք է խնդրեմ Ձեր հանձնարարականը, որ դրանից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատենք և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվենք, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից:

Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»,– մասնավորապես նշել էր նախարարը։

One response to “Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից գումարի դիմաց կազատվեն մինչև 2020-ը. նախագիծ

Մեկնաբանել ՍաքոՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *