Նոյեմբերի 15-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են 34 անձի, որից 24-ը գործող զինվորականներ են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են «գյուլենականների հետ կապ ունենալու» մեջ: Դիարբեքիրի դատախազությունը ևս 22 անձի նկատմամբ ձերբակալելու որոշում է ընդունել: Ոստիկանությունը նրանց հայտնաբերելու համար գործողություններ է իրականացնում:
Նույն օրը Թուրքիայի Թոքաթ նահանգի դատախազությունը ձերբակալելու որոշում է ընդունել մեկ 1 գործող լեյտենանտի, 28 ենթասպայի, 2 սերժանտի, ևս 3 չգործող ենթասպայի նկատմամբ: Մի քանի նահանգներում ոստիկանության ուժերի գործողություններում ձերբակալվել է 18 կասկածյալ: Հայտնում է «Անադոլուն»։
Թուրքիայում վերջին մի քանի ամիսներին կրկին շատացել են ձերբակալությունները: Ձերբակալվածների մեծ մասը մեղադրվում է կամ «գյուլենական լինելու» կամ էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար:
Վերջին երկու ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է ուժային կառույցների մոտ 260 զինծառայող, որից մի մասը գործող (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8): Ձերբակալությունների և հեռացումների արդյունքում զինծառայողների պակաս է առաջացել երկրի զինված ուժերում: Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ այդ պակասը լրացնելու համար թուրքական զինուժի շարքերը կհամալրեն մոտ 2400 նոր սպաներ և ենթասպաներ:
Զինուժում ձերբակալությունների նոր ալիքը սկսել է դեռևս 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Հեղաշրջման համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ամերիկաբնակ, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին: