Ռազմարդյունաբերությունն ավելի մեծ հատկացումների կարիք ունի. Կորյուն Նահապետյան

Բյուջետային քաղաքականությունը պետք է բխի ռազմարդյունաբերական համալիրների նպատակային ծրագրերից, այլ ոչ թե ծրագրերը համապատասխանեցվեն բյուջեով նախատեսված միջոցներին:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին՝ ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պլանավորումը պետք է իրականցնել բյուջեի նախագծի քննարկումներից շատ ավելի վաղ:

«Նախագծահետազոտական աշխատանքների ուշ պլանավորումը ազդեցություն է ունենում ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամկետների վրա, ինչը հանգեցնում է աշխատանքների ուշ սկսմանը և մինչև ընթացիկ տարվա վերջ դրանք ավարտին հասցնելու հետ կապված դժվարություններին», – հայտարարել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ Նահապետյանի՝ ռազմարդյունաբերական համալիրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը և գործնականաթյունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է բարձրացնել փորձարկում-գնահատում-արտադրություն շղթայի արդյունավետությունը: Ռազմարդյունաբերական քաղաքականությանը գերակա նպատակներից մեկը պետք է լինի այն, որ ընդհանուր աշխատանքներում ավելանա զանգվածային արտադրության ենթակա նմուշների մասնաբաժինը.

«Չնայած ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման ավելացմանը, կարծում ենք՝ ռազմարդյունաբերությունն ավելի մեծ հատկացումների կարիք ունի, այո՛, ռազմարդյունաբերական աշխատանքներում ներդրումները ռիսկային են, այդուհանդերձ հետևողական քաղաքականության իրականացման պայմաններում խթանվում է ռազմարդյունաբերական տեղական արտադրությունը», – նշել է պաշտոնյան:

Ըստ նրա՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտությունների ֆինանսավորումը 2018-ին ավելանալու է մոտ 792 մլն դրամով: Ներկայում զինված ուժերը համալրված են հայրենական արտադրության միջոցներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, օպտիկայի, կապի, էլեկտրոնիկայի միջոցներով: 2018-ին նույնպես նախատեսված է հայրենական արտադրության ռազմական տեխնիկայի, միջոցների ձեռքբերում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ներկայացվել էր 2018 թ. բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ՊՆ հետազոտական աշխատանքների հատկացումներն ավելացնել շուրջ 48%-ով: Ընդհանուր ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել շուրջ 37 մլրդ դրամով (17.6%):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *