Թուրքական օդուժը հարվածել է Շրնաքում PKK-ի դիրքերին

Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են այդ երկրի Շրնաք նահանգի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին՝ նրանց կողմից հարձակման նախապատրաստությունը նկատելուց հետո: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ թուրքական զինուժի հետախուզությունը հայտնաբերել է հարձակման նախապատրաստվող ուժեր, ինչից հետո գործողության է նետվել օդուժը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ գործողության արդյունքում «չեզոքացվել է» PKK-ի 4 մարտիկ: Կործանիչները վերադարձել են մշտական տեղակայման բազա:

Հիշեցնենք, որ սկսած 2015 թ. ամռանից՝ թուրքական զինուժի, ուժայինների և PKK-ի միջև բախումները գրեթե չեն դադարել: 2015 և 2016 թթ. ընթացքում թուրքական կողմը կարողացել է չեզոքացնել քրդերի ակտիվության հիմնական օջախները քրդաբնակ քաղաքներում և գյուղերում, ինչից հետո PKK-ն վերադարձել է լեռնային շրջաններից մարտ վարելու ռազմավարությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *