Նալբանդյանն ու Քերին քննարկել են Արցախյան հարցը, խաղաղապահ գործընկերությունը

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։

384. Minister Nalbandian met with the US Secretary of State John Kerry 05.06.2013 (1)

Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։

«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները:

Մեր երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, և, ինչպես Դուք նշեցիք, պարոն պետքարտուղար, խաղաղապահ գործողություններին մասնակցությունը՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, ինչպես նաև այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:

Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության:

Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Մենք կիսում ենք ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության տեսլականը։

Անցած քսան տարիների ընթացքում՝ մեր անկախությունից ի վեր, Միացյալ Նահանգները կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և մենք շնորհակալ ենք դրա համար:

Ես ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեմ մեր երախտագիտությունը նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Մեր հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր բարձունքների հասցնել փոխգործակցությունը: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը այն ընդլայնելու ամենալավ երաշխիքն է»։

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ջոն Քերին վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերիին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *