2018 թվականի պաշտպանության ոլորտի ծախսերը զգալիորեն տարբերվելու են նախորդ տարիներից, էական ավելացում է նախատեսված պաշտպանական ոլորտի ծախսերում, հատկապես՝ սպառազինման և ռազմական տեխնիկայի միջոցների համալրման մասով:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին՝ ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«ՀՀ ԶՈւ համալրումը հրետանային, ՀՕՊ, ավիացիայի և ՌԷՊ միջոցներով բարձրացնելու է մեր զորամասների և զորամիավորումների կրակային և հարվածային կարողությունները, ինչպես նաև հակառակորդի օդային և խոցման միջոցների հայտնաբերման մեր հնարավորությունները»,– մասնավորապես նշել է հանձնաժողովի նախագահը:
Սպառազինումն իրականացվելու է ինչպես ավելացված բյուջետային միջոցների, այնպես էլ վարկային համաձայնագրերի շրջանակներում:
Պաշտոնյայի խոսքով՝ պաշտպանության ոլորտի բյուջեն զգալիորեն ավելացվել է: Դեռևս 2015-ին ՊՆ-ի հետ իրականացվել է կարիքների գնահատում, և այսօր բյուջեն ավելացել է այնքան, որքան գնահատվել է կարիքը այդ պահի դրությամբ՝ անհրաժեշտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար:
«Վերլուծելով ռազմաքաղաքական իրողությունները, իրականացելով ռազմական զարգացումների կանխատեսում, ինչպես նաև գնահատելով մեր ձեռքբերումները և դասեր քաղելով թերություններից, պետք է իրականացնել վերագնահատում՝ ֆինանսավորելու ռազմական կարիքների համար իրապես գերակայություն հանդիսացող ուղղությունները», – հայտարարել է պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարը:
Կորյուն Նահապետյանը նաև նշել է, որ կարևորում են ավելի հետևողական քաղաքականության իրականացումը զրահատեխնիկայի արդիականացման, կրակային հնարավորությունների ընդլայնման, փոխգործունակ և բազմաշերտ ՀՕՊ զարգացման ուղղություններով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ներկայացվել էր 2018 թ. բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական բյուջեն ավելացնել շուրջ 37 մլրդ դրամով (17.6%):