Նոյեմբերի 14-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հանդիպմանը զրուցել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։
Քննարկել են նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում անցկացված գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳ ղեկավարը Մոսկվայում է աշխատանքային այցով: