ՀՀ ՊՆ-ն կհիմնի Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը արդիականացնող ՓԲԸ. նախագիծ

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսված է հիմնադրել «Գեոկոսմոս» անվանունով ՓԲԸ, որը «աշխատունակ վիճակի է բերելու» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի պաշտպանության նախարարությանը «ամրացված» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի հնության պատճառով այն  չի շահագործվում, աշխատունակ վիճակի բերելու համար անհրաժեշտ է կայանի արդիականացում և շահագործման կառավարման կարգավորում:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվում է 419 միլիոն ՀՀ դրամ, որից 300 մլն ՀՀ դրամը նախատեսված է ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման սկզբնական փուլի և տարածքի կապիտալ վերանորոգման համար:

Ընդունիչ կայանը ամրակցվում է ստեղծվող ընկերությանը: Այն գերատեսչություններին մշակված տիեզերալուսանկարներով, ֆոտոփաստաթղթերով, թվային և անալոգային քարտեզներով, երկրատեղեկատվական տվյալներով կապահովի:

Ընդունիչ կայանի արդիականացման և շահագործման մեջ դնելուց հետո կիրականացվի Հայաստանի տարածքի ժամանակակից մեթոդներով քարտեզագրական աշխատանքներ:

Ընկերության 100 տոկոս բաժնետերն է Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Նախագիծը մշակել է ՌԱՊԿ-ը։

Փաստաթղթում ՓԲԸ-ին փոխանցվող գույքի հավելվածում նշվում է, որ Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը շահագործման է հանձնվել 2010-ի հուլիսի 1-ին, իսկ կայանի արժեքը 108 մլն 670 հազար դրամ է:

«Գեոկոսմոս» ՓԲԲ-ն հիմնադրելու մասին որոշման ընդունմամբ պետբյուջեում էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում: Ընկերությունը նպատակ ունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալ:

Որոշման նախագծում նշվում է, որ կայանի շահագործումը կնպաստի ՌԴ «Ռոսկոսմոս» և այլ տիեզերական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *