Զորակոչիկներին ամենաշատը հուզում է երկքաղաքացիության հարցը

ՊՆ-ն  Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համատեղ զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Այն  ֆինանսավորում է ԵԱՀԿ-ն։

72304_354544281318792_127914352_n

Ծրագիրը մեկնարկել  է սույն թվականի մարտից և նախնական տվյալներով կշարունակվի մինչև  2013 թվականի հունիսի 30-ը։

Ռազմինֆոն զրուցեց Միջազգային համեմատական ծրագրի հայկական կենտրոնի տնօրեն, իրավաբան Սիմոնյանի հետ։

Այն հարցին, թե որ խնդիրներով են ամենից հաճախ  դիմում կենտրոն, մասնագետը նշեց, որ միջանկյալ պատկերով հիմնականում երկքաղաքացիության հետ կապված խնդիրներն են։

«Մեր քաղաքացիները գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար մի քանի երկրի քաղաքացի են դառնում և  կանգնում փաստի առաջ, քանի որ պետությունների մեծ մասը պահանջում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել իր երկրում։ Իսկ երբ չես ծառայում տվյալ երկրի բանակում, քրեական հետախուզություն են հայտարարում»,-պարզաբանեց Տարոն Սիմոնյանը։

Ըստ իրավաբանի՝ այս խնդիրը մեզ մոտ բավականին արդիական է . «Նախատեսում  ենք այս խնդրի առնչությամբ ծրագրի ավարտից հետո զեկույց  ներկայացնել ՊՆ-ին»։

Դիմողների մի մասին էլ անհանգստացնում է  զորակոչիկների առողջության ստուգման հետ կապված  հարցերը։ Իրավաբանի խոսքով՝ շատերը  համաձայն չեն լինում հանձնաժողովի եզրակացության հետ։

-Մարդիկ հաճախ ճշմարիտ են բողոքում` ներկայացնելով  ՊՆ N 175 հրամանով նախատեսված ցանկը, որտեղ սահմանված են այն հիմնական հիվանդություններն ու դրանցից բխող հետևանքները, թե որ հիվանդության դեպքում է պիտանի, ոչ պիտանի, շարային և այլն, հանձաժողովի եզրակացությունը  չի համապատասխանում  դրանց։

-Այդ դեպքում ի՞նչ եք անում։

-Փորձում ենք ներկայացնել, թե ինչպես կարող են բողոքարկել ու փաստաթղթերը ներկայացնել։  Իսկ նրանց, ովքեր դեռ չունեն բժշկական որակում, նախ ասում ենք, որ գնան ստուգվելու, նոր միայն պարզ կլինի, թե նրա հիվանդությունը այդ ցուցակի մեջ մտնում է, թե՝ ոչ։

Տարոն Սիմոնյանի հավաստմամբ՝  խորհրդատվություն ցանկացողների 20 տոկոսն էլ արտոնությունների  հարցերով են դիմում, ինչն էլ  կարգավորվում է Զինապարտության մասին  օրենքի 11-րդ  հոդվածով։

-Մինչ այժմ քա՞նի հոգի է կենտրոնում ստացել իրավախորհրդատվություն։

-Դիմողների թիվը չի գերազանցում 200-ը, բայց ենթադրում ենք, որ այս մեկ ամսվա ընթացքում կապված զորակոչի հետաձգման հետ  թիվը կավելանա 100-ով։

-Մարզերից գալի՞ս են խորհրդատվություն ստանալու համար։

Այո, գալիս են։ Բայց նրանց թիվը փոքր է։ Մենք խորհրդատվություն չենք տրամադրում հեռախոսով՝ առավելագույն դեպքում մի քանի նախադասությամբ, կարճ ։ Հարցերի շրջանակը գրեթե նույնն է։

Ռազմինֆոյին թույլ տվեցին ներկա լինել հարցազրույցից հետո նշանակված խորհրդատվության ընթացքին։

Տիկին Վարսիկը կենտրոնի մասին իմացել էր պատահմամբ։ Խորհրդատվությունը  ՀՀ-ում հաշվառում չունեցող  իր  27-ամյա բարեկամի համար էր, ում  զինկոմիսարիատից ծառայության անցնելու ծանուցում չեն ուղարկել։

Ըստ իրավաբանի՝ քրեական հանցագործություն է համարվում, երբ քեզ ծանուցում են, բայց դու չես ներկայանում։ Այս պարագայում խնդիրն այն է, որ մարդը ոչ հանցագործ է, ոչ էլ իր սահմանադրական պարտականություն է կատարել(Բանակում ծառայելը

Տարոն Սիմոնյանը տիկնոջը բացատրեց, որ հարցի լուծման 2 տարբերակ կա՝ դիմում են համապատասխան քննչական մարմիններին, որպեսզի գրեն, որ տվյալ մարդու արարքում հանցակազմ չկա, և  ազատվի  քրեական պատասխանատվությունից, մանավանդ երբ տարիքն  էլ լրացել է ։ Միաժամանակ հարկավոր է համապատասխան վճարում անել, քանի որ անձը չի կատարել սահմանադրական իր  պարտականությունը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչ է սպասվում ծրագրի ավարտից հետո, Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի տնօրենը նշեց, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացվելու է, թե որ խնդիրներն են  շոշափվել,  բացի այդ  կլինեն առաջարկություններ  այս կամ այն խնդրի  լուծման համար։

2 responses to “Զորակոչիկներին ամենաշատը հուզում է երկքաղաքացիության հարցը

  1. Pingback: Իրավաբանական անվճար խորհրդատվություն զորակոչիկներին ու նրանց հարազատներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *