Նոյեմբերի 13-15-ը Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ուղեկցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ռուսաստան, Քուվեյթ և Կատար այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Նկարը՝ «Անադոլու» գործակալության
Ըստ հաղորդագրության՝ Հուլուսի Աքարը այդ երկրներում հանդիպումներ է ունենալու ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հետ: Հանդիպումների օրակարգում է լինելու ռազմական ոլորտում համագործակցությանը, ահաբեկչության դեմ պայքարին և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ Սոչիում արդեն մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավելի վաղ՝ էրդողանը Ռուսաստան այցից առաջ տված հարցազրույցում նշել է, որ Պուտինի հետ ի թիվս այլ խնդիրների կքննարկեն նաև Սիրիայի հակամարտությունը: Ընդ որում, Էրդողանը նշել է, որ իրենք «վճռական են» Աֆրինի քրդական ուժերի դեմ գործողության հարցում ու Ռուսաստանի հետ բանակցել են այդ հարցը: Ըստ Էրդողանի՝ Մոսկվան դրական է տրամադրված: Այս մասին առավել մանրամասն այստեղ:
Նշենք, որ Աֆրինում գործում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD) և դրա ռազմական թև YPG-ն: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկչական կառույցներ» և պարբերաբար հայտարարում է, որ կարող են նոր գործողություններ սկսել քրդերի դեմ: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ Սիրիայի քրդերին աջակցում է ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան շատ հարցերում ստիպված է հաշվի նստել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ: