ՌԴ զինվորականները հերքել են ԻՊ կողմից Աբու Քեմալ քաղաքի գրավման մասին լուրերը

Սիրիայում ռուսական ուժերի ներկայացուցիչը հերքել է այն լուրերը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին վերահսկողություն է հաստատել Սիրիայում իր վերջին հենակետ Աբու Քեմալ քաղաքի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 12-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Մեծ Բրիտանիայում գործող  «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպության ղեկավարին, հայտնում էին, որ ԻՊ-ն կրկին գրավել է Աբու Քեմալ քաղաքը, որի ազատագրման մասին Սիրիայի կառավարական բանակը հայտնել էր դեռևս նոյեմբերի 8-ին:

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում

Ըստ Սիրիայում ռուսական ուժերի ներկայացուցչի՝ ԻՊ կողմից քաղաքի վերագրավման մասին լուրերը «անհիմն քարոզչություն» են. Սիրիայի կառավարական զորքերը և աշխարհազորայինները նոյեմբերի 10-ից ամբողջական վերահսկողություն են հաստատել քաղաքում և այժմ քաղաքի արվարձաններն են մաքրում ԻՊ վերջին զինյալներից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Իրաքի բանակը մտել էր Աբու Քեմալից 13 կմ հեռավորության վրա գտնվող, ԻՊ վերջին խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաք և կարողացել  իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Սիրիա տանող ճանապարհի և անցակետի հատվածը:

Վերջին մի քանի ամիսներին ԻՊ-ն կորցրել է իր տարածքների մեծ մասը ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *