Էրդողան. Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկել է Աֆրինում համատեղ գործողության ծրագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ռուսաստան այցից առաջ տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ի թիվս այլ խնդիրների կքննարկեն նաև Սիրիայի հակամարտությունը: Էրդողանը նշել է, որ իրենք «վճռական են» Աֆրինի քրդական ուժերի դեմ գործողության հարցում ու Ռուսաստանի հետ այդ բանակցել են, Մոսկվան դրական է տրամադրված: 

Թուրքիայի նախագահը նշել է, որ թեև այս պահին գործողություններ իրականացվում են Իդլիբում, որովհետև Հալեպից փախած զինյալները այդ նահանգ են հիմնականում գնացել, բայց քննարկվում է նաև ներկայում քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի, Աֆրինի նահանգի հարցը:

Էրդողանը նշել է, որ քրդերը պետք է Եփրատից արևելք տեղափոխվեին, բայց մնացել են Մանբիջում, ինչը պայմանավորվածությունների խախտում է: Անդրադառնալով արդեն Աֆրինին՝ Սիրիայում քրդերի տարածքով երկրորդ փաստացի ինքնավար շրջանին, Էրդողանը նշել է, որ իրենք վճռական են այնտեղի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ «պատասխան քայլերի հարցում»:

«Աֆրինում YPG-PYD-ի ուժեր կան: Մեր դեմ ուղղված բռնությունների դեմ պատասխան քայլերի հարցում վճռական ենք: Ռուսաստանի հետ այդ թեմայի շուրջ բանակցել ենք: Ռուսաստանի հետ համատեղ քայլ գցելու քննարկումները իրենց հետ էլ ենք արել: Նրանց դրական դիրքորոշումը մեզ հնարավորություն է տալիս մեր ծրագիրն իրագործել էլ ավելի փոխված ձևով», – Նշել է Թուրքիայի նախագահը:

Ավելացնենք, որ Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնատար անձինք պարբերաբար հայտարարում են, որ մի օր «հանկարծակի» գործողություններ կսկսեն Սիրիայի քրդերի ուժերի դեմ: Սակայն առայժմ դա գրեթե անհնար է, քանի որ մասնավորապես Եփրատից արևմուտք ընկած քրդական ուժերի հետ համագործակցում է Միացյալ Նահանգները:

Աֆրինում ավելի ակտիվ է Ռուսաստանը, ըստ այդմ՝ Մոսկվայի հետ հնարավոր համաձայնությունը կարող է որոշակի փոփոխություներ մտցնել: առայժմ Ռուսաստանից այս հարցի շուրջ մեկնաբանություն չի եղել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *