ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նախարարը Նահանգներից պետք է մեկնի Կանադա՝ Վանկուվերում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունների վերաբերյալ տարբեր երկրների պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 14 և 15-ին: ՄԱԿ-ի կայքում նշվում է, որ սա ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների խոշորագույն համաժողովն է:
Համաժողովի հայտարարվող նպատակներն են՝
- Քննարկել 2016 թ. պաշտպանության նախարարների համաժողովից հետո մինչ օրս գրանցված փոփոխությունները,
- Խրախուսել նոր ներդրումներ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից հատկապես այն շրջաններում, որտեղ ՄԱԿ-ը պակասներ ունի, ինչպես օրինակ արագ տեղափոխում, ուղղաթիռներ և ֆրանսերենի մասնագետներ:
- ՄԱԿ-ի անդամների ջանքերով զարգացնել խաղաղապահության բարեփոխումները, ավելի լավ պլանավորել խաղաղապահական գործողություններ ևն:
Կանդայի կառավարության տրամադրած տվյալներով՝ համաժողովին կմասնակցի ավելի քան 70 երկրից շուրջ 500 պատվիրակ:
Ավելացնենք, որ Հայաստանի զինուժը 2014 թվականից միացել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությանը: