Դուբայում անցկացվող Dubai Airshow ավիացուցահանդեսի շրջանակներում ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունը թուրքական ռազմարդյունաբերական TAI ընկերության հետ ստորագրել են քաղաքացիական ավիաշինության ոլորտում համագործակցության շուրջ «փոխըմբռնման հուշագիր» (Memorandum of Understanding): Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայտնում է թուրքական ընկերության կայքը:
Ըստ թուրքական ընկերության՝ կողմերը կհամագործակցեն քաղաքացիական ավիաշինության համատեղ դիզայնի և արտադրության ոլորտում:
Նշենք, որ երկու ընկերություններն էլ զբաղվում են հիմնականում ռազմական նշանակության ավիացիայի արտադրությամբ՝ զուգահեռ տալով նաև քաղաքացիական արտադրանք:
Մասնավորապես ռուսաստանյան ընկերությունը Սու-30ՍՄ, Յակ-130, Սու-30ՄԿ, Յակ-152 ռազմական ինքնաթիռների կողքին նախագծել է նաև ՄՍ-21 քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռը: Այն դեռևս զանգվածային արտադրության չի դրվել, բայց հիմնական փորձարկումներն անցել է:
TAI ռազմարդյունաբերական ընկերությունը հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, ինքնաթիռների արտադրությամբ և վերանորոգման, արդիականացման աշխատանքներով: Այն մասնավորապես արտադրում է «Անքա» անօդաչու թռչող սարքեր, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռներ, Իտալիայի հետ համատեղ՝ T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև ռազմական նշանակության այլ սպառազինություն։
Բացի այդ՝ այս ընկերությունը զբաղվում է նաև ինքնաթիռների արդիականացմամբ, այդ թվում՝ նաև քաղաքացիական նշանակության ինքնաթիռները ռազմական նշանակության ինքնաթիռների վերածելու ծրագրերով: Խոսքը մասնավորապես Իտալիայի հետ համատեղ ATR72-600 ուղևորատար ինքնաթիռները ծովային պարեկության նավերի վերածելու ծրագրի մասին է:
ԹԱԻ-ում աշխատում է շուրջ 4500 մարդ, որոնցից 1800-ը` ինժեներներ: 2005-ին ընկերության ապրանքնաշրջանառությունը կազմել էր ընդամենը 90 մլն ԱՄՆ դոլար: Սակայն վերջին տասը տարվա ընթացքում այն աճել է շուրջ նույնքան անգամ: Ընկերությունը գործում է 1984 թվականից: