Նոյեմբերի 10-ից Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ խոշորամասշտաբ զորավարժությանը ներգրավվելու նպատակով Ռուսաստանն այդ երկրի երեք տարբեր աերոդրոմներ է ուղարկել 40 ինքնաթիռ և ուղղաթիռ: Զորավարժությունն անցկացվում է ահաբեկչության դեմ պայքարի սցենարով: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպինը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայկական զորախումբը՝ Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը. (արխիվ)
«ՌԴ զինուժի կենտրոնական ռազմական շրջանի շուրջ 40 ինքնաթիռ և ուղղաթիռ տեղափոխվել է Տաջիկստանի երեք օպերատիվ աերոդրոմներ՝ հակահաբեկչական համատեղ վարժանքներին մասնակցելու համար, որոնց ներգրավվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը», – նշել է Ռոշչուպինը։
Ըստ ՌԴ ԶՈւ գնդապետի՝ մասնավորապես Տաջիկստան են տեղափոխվել 6 միավոր Սու-24Մ ռմբակոծիչ Հարավային Ուրալից, նույնքան Սու-25ՍՄ գրոհիչ լ Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ռազմաբազայից: Զորավարժության համար Տաջիկստան են ուղարկել նաև Մի-8ԱՄՏՇ «Տեռմինատոր» բեռնատար և Մի-24 հարվածային ուղղաթիռներ:
Օդաչուները պետք է օդից փակեն զորքերի ծավալման գործողությունները, հարվածեն պայմանական զինված խմբավորումների դիրքերին, ապահովեն ռազմական նշանակության բեռների տեղափոխումը և դեսանտի իջեցումը:
Հիշեցնենք, որ վարժանքներին ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում նաև ՀՀ ԶՈւ ավելի քան 5 հազար զինծառայող, 60 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 1500 միավոր սպառազինություն, հատուկ և ռազմական տեխնիկա, այդ թվում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: