Պակիստանը որոշել է 30 միավոր թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ գնել Թուրքիայից և առաջիկա օրերին կողմերը նախատեսում են պայմանագիր ստորագրել: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է թուրքական TAI ավիաշինական ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
«Պակիստանը որոշել է 30 [«Աթաք» – խմբ.՝ Razm.info-ի] ուղղաթիռ գնել, սակայն գործընթացը դեռևս շարունակվում է: Կարծում եմ, որ եթե անախորժություն չառաջանա, առաջիկա օրերին վերջնական ստորագրությունը կդնենք», – հայտարարել է Քոթիլը՝ Թայլանդում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասին Թուրքիա այցի ընթացքում անձամբ է փորձարկել թուրք-իտալական «Աթաք» հարվածային ուղղաթիռը: Բացի այդ, պակիստանյան մամուլը այս ուղղաթիռների գնման վերաբերյալ Պակիստանի իշխանությունների մտադրության մասին հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին
Նշենք, որ ներկայում Թուրքիայի ցամաքային զորքերում կա 24 միավոր «Աթաք» հարվածային ուղղաթիռ: Բացի այդ, թուրքական ընկերությունը նպատակ ունի «Աթաք» ուղղաթիռի հիման վրա նոր՝ «Աթաք-2» հարվածային ուղղաթիռների արտադրություն սկսել:
T-129 «Աթաք» ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: