Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների ՊՆ ղեկավարների ձևաչափով հանդիպմանը վերահաստատել են առաքելությանն իրենց մասնակցությունը:
Այս մասին նշված է երկրների ՊՆ կայքերում (1,2):
Հանդիպմանը հայկական կողմին ներկայացում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Արտակ Զաքարյանը: Վրաստանը և Ադրբեջանը ներկայացնում էին երկրների պաշտպանության նախարարները:
«ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ»,– մասնավորապես նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան նույնպես նշել է, որ Վրաստանը 2018-ին կշարունակի մասնակցել առաքելությանը նույն թվաքանակով:
Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը մարտական չէ, ուսուցողական է. հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Այն 2014 թվականին փոխարինել է ISAF առաքելությանը։
Հայաստանի խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց, Վրաստանը՝ 900, Ադրբեջանը՝ 94 հոգանոց կազմով :