Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը ներգրավվելու են «Իսկանդեր» համալիրներ

Նոյեմբերի 10-ից 20-ը Տաջիկստանում անցկացվում է ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ խոշորամասշտաբ զորավարժություն: Զորավարժությունն անցկացվում է զինված  անօրինական խմբավորումների համատեղ ոչնչացման թեմայով: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Վարժանքներին ներգրավված է ավելի քան 5 հազար զինծառայող, 60 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 1500 միավոր սպառազինություն, հատուկ և ռազմական տեխնիկա, այդ թվում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության նպատակն է զինված անօրինական խմբավորումների դեմ համատեղ գործողությունների մշակումը: Այս նպատակով զորավարժության անցկացման վայրն ընտրվել է Տաջիկստանի ԶՈւ զորավարժարանները:

Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալներ:

Նշենք, որ սա առաջին վարժանքները չէ «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ: 2017-ի մայիսին «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» հակաահաբեկչական զորավարժության շրջանակներում Ռուսաստանը առաջին անգամ Տաջիկստան էր տեղափոխել ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։

Ռուսաստանից բացի, Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» համալիր (2016թ զորահանդեսի ժամանակ Երևանում ներկայացվել է այս համալիրի «Է» տեսակի 2 արձակման կայան և 2 տեղափոխման-լիցքավորման մեքենա), թեև ֆրանսիական ռազմական մասնագիտացված DSI ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը նույնպես ձեռք է բերել «Իսկանդեր» համալիրներ: Այնուամենայնիվ, տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *