Նոյեմբերի 8-ին Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վիան Դախիլը հայտնել է, որ Իրաքի ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին անդամակացելու մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի 200 և Ռուսաստանի 512 քաղաքացուհիների: Ժամանակահատվածը հայտնի չէ:
512 #Russian and 200 #Azerbaijani women as #ISIS members were captured and incarcerated by #Iraqi forces.
— Vian Dakhil (@VianDakhil) November 8, 2017
Իրաքի խորհրդարանականի գրառումից պարզ չէր, թե նշված անձինք երբ և որ ժամանակահատվածներում են ձերբակալվել:
Նոյեմբերի 9-ին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Իրաքի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրի վրա հղումով հերքեց, որ ՌԴ 512 կին քաղաքացի է ձերբակալվել: Ըստ այդ տեղեկության՝ Իրաքի ՊՆ-ից հայտնել էին, որ ձերբակալվածներ կան, բայց դրանք այդքան շատ չեն և տարբեր ազգությունների են: Ադրբեջանի քաղաքացիների մասով որևէ բան չէր նշվում:
Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնում է, որ իրենք պարբերաբար նման տեղեկություններ ստանում են, դրանք հայտնվում են նաև մամուլում. Ադրբեջանն այժմ ուսումնասիրում է դեպքի մանրամասները:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: