Նոյեմբերի 10-ին Ստամբուլում Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայության (ոստիկանության) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «անդամակցելու մեղադրանքով» ձերբակալել են 109 մարդու, այդ թվում՝ 93 արտասահմանյան քաղաքացու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հատկանշական է, որ բոլոր ձերբակալվածներն այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ թուրքական կողմի՝ ձերբակալվածները ավելի վաղ ԻՊ կազմում կռվել են և «նպատակ են ունեցել» ապագայում գնալ Սիրիա: Ոստիկանական ստորաբաժանումները կասկածյալներին ձերբակալելու համար հատուկ գործողություններ են իրականացրել Ստամբուլի 7 թաղամասում:
Նույն օրը Ադանայում ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի 11 քաղաքացու, որոնք ևս մեղադրվում են «Իսլամական պետությանը» անդամակցելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Անկարայում և Բուրսա նահանգում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ևս 200 մարդ է ձերբակալվել: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը Թուրքիայում ձերբակալվել է«Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 283 մարդ:
Ամերիկյան Soufan Center հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900-ը ներկայում գտնվում պատերազմական գոտիներում: Կենտրոնի տվյաններով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:
Նշենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։