Թուրքիան և Իսպանիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը դեսանտային նավի (LPD) նախագծման ուղղությամբ: Երկու երկրների պաշտպանության նախարարները նոյեմբերի 8-ին ստորագրել են մտադրությունների մասին փաստաթուղթը (Letter of intent):
Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ Իսպանիայի ՊՆ-ի՝ նախարարները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման մտադրությունների մասին փաստաթուղթ: Գրեթե նույն հայտարարությունն է արել Թուրքիայի ՊՆ կայքը՝ նշելով որ փաստաթուղթը ուղված էր երկու երկրների ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:
Երկու երկրների ՊՆ-ների հայտարարություններում ցամաքային զորքերի տեղափոխման նավի նախագծման մասին չէր խոսվում:
Նշենք, դեռ 2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը դեսանտային նավերի գնման պայմանագիր է ստորագրել թուրքական Sedef նավաշինական ընկերության հետ։ Նավի կառուցման ծրագրի նախագծման աշխատանքներին օգնելու էր նաև իսպանական «Նավանտիա» ընկերությունը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ, որին մասնակցում են նաև Թուրքիայի և Իսպանիայի ՊՆ ղեկավարները: Նոյեմբերի 8-ին ստորագրվել է նաև պաշտպանության ոլորտում, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության հարցում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի մտադրությունների մասին համատեղ փաստաթուղթը: