Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված «արտակարգ դրության» ժամկետը

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է 1979թ. նոյեմբերի 14-ին Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրության» ժամկետը։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։ Ծանուցումը հրապարկվել է Սպիտակ տան կայքում։

Ծանուցման մեջ նշվում է, որ  Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրության» և դրա վերացմանն ուղղված միջոցառումների ժամկետը երկարաձգվում է, քանի որ Իրանի հետ հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել։

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել, և 1981թ. հունվարի 19-ի համաձայնագրի իրականացումը դեռ ընթացքի մեջ է», – նշվում է ծանուցման մեջ։

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

1979թ. նոյեմբերի 4-ին Իրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից և նրա աշխատակիցների պատանդառումից հետո նոյեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը «արտակարգ դրություն» է հայտարարում Իրանի նկատմամբ։

1981թ հունվարի 19-ին ԱՄՆ-ն և Իրանը Ալժիրում կնքում են  համաձայնագիր, ըստ որի՝ դեսպանատան աշխատակիցները ազատ են արձակվում։ Համաձայնագրով Իրանը նաև պարտավորվում է մարել արտաքին պարտքը ԱՄՆ առաջ։ Իր հերթին ԱՄՆ պարտավորվում է վերականգնել Իրանի բանկային հաշիվները, վերացնել առևտրային  պատժամիջոցները։

Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրությունը» պարբերաբար երկարաձգվում է ԱՄՆ նախագահների կողմից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր ժամկետ է տվել՝ քննարկելու Օբամայի վարչակարգի օրոք Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ վերացված պատժամիջոցները վերականգնելու հարցը:

Հենց նույն օրը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ն ներառել էր այն կազմակերպությունների ցուցակում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ահաբեկիչներին: ԻՀՊԿ-ից բացի պատժամիջոցներ էին սահմանվել 3 իրանական ընկերությունների նկատմամբ:

Բացի այդ  հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նոր օրինագիծ։  Օրինագծով պատժամիջոցներ են նախատեսվում են այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք օժանդակում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին։ Որպեսզի դառնա օրենք, օրինագիծը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից, այնուհետև անցնի նախագահի ստորագրմանը։

Իսկ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել իրանական 27 կազմակերպության և 14 ֆիզիկական անձի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում էին նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, ԻՀՊԿ «Բասիջ» կամավորների ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ռեզա Նաղդին,  ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը, Բասիջը, մի քանի ռազմական համալսարաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *