Հայ-վրացական վարժանք՝ ամոնիակի արտահոսքի տարածման կանխարգելման սցենարով

Նոյեմբերի 8-ին Լուսակերտի ՀՀ ԱԻՆ ուսումնական կենտրոնում անցկացվել է  դաշտային վարժանք, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի առաջին արձագանքող ուժերը խաղարկել են ամոնիակի արտահոսքի դեպքում բնակչության և տարածքի պաշտպանության առաջադրանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Հայ-վրացական վարժանք Լուսակերտում

Վարժանքն անցկացվել է ԵՄ քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրի շրջանակներում:

Ներգրավվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ուժերը, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ՔԿՄՃ պատահարներին արձագանքող ստորաբաժանումը, ինչպես նաև ԵՄ կենտրոնների փորձագետները:

Ըստ մտահղացման՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղային տրանսպորտով ներկրվում է 20 տ հեղուկ ամոնիակ, որը լցված է երկաթուղային գլանատակառում: Երթուղին՝ Ռուսթավի-Ալավերդի-Վանաձոր-Գյումրի-Երևան:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերի բախման հետևանքով կողաշրջվում է 20 տ հեղուկ ամոնիակ պարունակող երկաթուղային գլանատակառը, որի հետևանքով լինում է հեղուկ ամոնիակի արտահոսք։

Չնայած Ալավերդի կայարանի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներին՝ ստեղծվում է քիմիական վարակվածության գոտի։ Վթարի օջախում կային պայմանական տուժածներ։

Տեղի է ունենում հեղուկ ամոնիակի ինտենսիվ գոլորշիացում և առաջանում է դեպի բնակելի թաղամասերն ամոնիակի առաջնային ու երկրորդային ամպերի տարածման սպառնալիք:

Ամոնիակը սուր հոտով անգույն գազ է, որը ջրում լուծվում է, իսկ գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ։

Ահազանգ ստանալուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահը տալիս է քիմիական տագնապ ազդանշանը։

Վարժանքի մասնակիցներն իրականացրել են հետախուզություն, ապա՝ որոնողափրկարարական աշխատանքներ, տուժածների բուժօգնության ապահովում, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, տարածման կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքներ։

Նշվում է, որ ուսումնավարժության նպատակներ էին.

1. ստուգել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների պատրաստականությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման գործում,
2. կատարելագործել քիմիապես վտանգավոր նյութի արտահոսքի դեպքում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար մարմինների համագործակցության կարգը,
3. կատարելագործել առաջին արձագանքող ուժերի միջև համագործակցության մակարդակը,
4. կատարելագործել արտակարգ իրավիճակներում Հայաստան-Վրաստան համագործակցությունը և առաջին արձագանքող ուժերի համատեղ գործողությունները,
5. ճշտել Հայաստան-Վրաստան մակարդակով արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների միջև համագործակցության մակարդակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *