Ռուսաստանի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի սակրավորները Սիրիայի Դեր Զոր քաղաքում մեկ օրում 633 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում Ռուսաստանի Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին:
Ըստ տեղեկատվության՝ մաքրվել է քաղաքի շուրջ 22 հա տարածք: Ականազերծման արդյունքում մշտական բնակության վայր է վերադարձել 61 մարդ, վնասազերծվել է 32 շինություն:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 6-ին, Դեր Զորի թաղամասերից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորվել էր Ռուսաստանի ԶՈւ 5 զինծառայող, «Զվեզդա» և «ՆՏՎ» հեռուստաալիքների 4 լրագրող:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողները ՌԴ ԶՈւ Միջազգային հակաականային կենտրոնի աշխատակիցներ են և պայթունի ժամանակ տարածքի ականազերծման աշխատանքներ էին իրականացնում:
Դեր Զոր քաղաքի նկատմամբ Սիրիայի կառավարական բանակի կողմից ամբողջությամբ վերահսկողություն սահմանելու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 3-ին:
Նշենք, որ շուտով Սիրիայում ականազերծման աշխատանքներին կարող են միանալ նաև հայաստանցի սակրավորները: Նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Հայաստանը և Սերբիան հաստատել են Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը:
Ռուսաստանը պարբերաբար ականազերծում է Սիրիայի տարածքները: Ռուսաստանցի սակրավորներն արդեն ականազերծել են Հալեպը և Պալմիրան (ընդ որում ՝ երկու անգամ (1,2)):