Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ զինուժին հանձնարարել է արձագանքել ահաբեկիչների, մասնավորապես՝ «Իսլամական պետության» բոլոր գործողություններին, անգամ եթե դրանք լինեն Սիրիայի տարածքից: Աբադիի հայտարարությունը փոխանցում է իրաքյան «ալ-Սումարիա» հեռուստաալիքի կայքը:
Իրաքի վարչապետը միաժամանակ նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Աբադին նշել է, որ իրենք արդեն իսկ ուժեր են տեղակայել հնարավոր վտանգի բոլոր շրջաններում այդ թվում՝ Սիրիային հարող տարածքներում:
Ըստ Իրաքի ղեկավարի հայտարարության՝ իրենք կարձագանքեն անգամ Սիրիայի տարածքից ահաբեկիչների գործողություններին՝ Իրաքի դեմ: Դատելով հայտարարությունից՝ չի բացառվում, որ իրաքյան զինուժը ԻՊ զինյալներին կարող է հետապնդել նաև Սիրիայի տարածքում, չնայած առայժմ դա հաստատող փաստ չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին իրաքյան կողմից տեղեկացրել էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Հավիջան կորցնելուց հետո Իրաքում վերահսկում է 2.9 տոկոս տարածք՝ Անբարի արևմուտքում՝ Վերին Եփրատում, ալ-Կաիմում և Ռավայում։
Ներկայում իրաքյան զինուժը գործողություններ է վարում Անբարը ԻՊ վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրելու համար: Աբադին նշում է, որ իրենք այդ ճակատում հաջողություններ են գրանցում: