Սիրիան Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսում ագրեսիա է համարում և պաշտոնական Դամասկոսի արձագանքը կլինի ժամանակին համապատասխան: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խոհրդական Բուսեյնա Շաաբանը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում ենք անօրինական… մենք կգործենք նրանց դեմ, երբ որ անհրաժեշտ ժամանակը կլինի», – հայտարարել է Սիրիայի նախագահի խոհրդականը:
Նա նաև ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները դուրս են Աստանայում ձեռքբերված համաձայնությունների շրջանակներից:
Նշենք, որ հոկտեմբերի 30-31-ին Աստանայում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը: Բանակցություններից հետո Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի ռազմական ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա և օկուպացիա: Սրան ի հակառակ՝ թուրքական կողմը պնդում է Իդլիբում թուրքական զորքերի տեղակայումը բանակցությունների երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնության շրջանակներում է արվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիայի տարածք և տեղակայվել Իդլիբ նահանգում հոկտեմբերի 8-12-ի ընթացքում: Թուրքիայի զինուժը և նրան աջակցող խմբավորումները նաև վերահսկում են Սիրիայի հյուսիսում Ջերաբլուսից-Ազեզ ընկած հատվածը: