Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս արագ պետք է վերցնեն Ռաքքան, որն անցյալ ամիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել են ԱՄՆ աջակցությամբ գործող ուժերը: Ալի Աքբար Վելայեթիի հայտարարությունը փոխանցում է Reuters գործակալությունը:
Իրանի առաջնորդի խորհրդականը Միացյալ Նահանգներին մեղադրել է Սիրիան մասերի բաժանելու նպատակների համար: Վելայեթին նշում է, որ Վաշինգտոնը փորձում է իր ուժերը հաստատել Եփրատից արևելք ընկած տարածքներում:
«Մենք մոտ ապգայում ականտես կլինենք Սիրիայի և Եփրատից արևելք ընկած կառավարական և ժողովրդական ուժերի առաջխաղացմանն ու Ռաքքա քաղաքի ազատագրմանը», – Բեյրութում հայտարարել է Ալի Աքբար Վելայեթին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ իրենք չեն ձգտում ռազմական բախումների գնալ Սիրիայի կառավարական բանակի և նրանց աջակցող ուժերի դեմ: Թիլերսոնն ավելացրել էր, որ «Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի հապաղի օգտագործել անհրաժեշտ ուժը Նահանգներին, կոալիցիային կամ էլ ԻՊ դեմ պայքարում ընդգրկված դաշնակիցներին պաշտպանելու համար»: Թիլերսոնը նաև հավելել էր, որ ամեն դեպքում իրենք աջակցում են հակաասադական ընդդիմությանը, և Ասադը պետք է հեռանա:
Նույն ժամանակ Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում նշվում էր, որ Ռաքքան շարունակվում է օկուպացված մնալ ԱՄՆ-ի և նրանց աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման կողմից:
Ռաքքան նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնն էր: 2017 թ. հոկտեմբերին ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական ուժերը կարողացան այն ամբողջությամբ ազատագրել ԻՊ իսլամիստներից:
Նույն ամսում քրդական ուժերը հայտարարել էին, որ իրենք Ռաքքան պատկերացնում են «ապակենտրոնացված, Դաշնային Սիրիայի» կազմում: Այսինքն ԱՄՆ աջակցությամբ գործող քրդերը ձգտում են ոչ միայն ինքնավարության հասնել քրդաբնակ վայրերում, այլև իրենց վերահսկողության տակ պահել հիմնականում արաբաբնակ շրջանները: