Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Միացյալ Նահանգներ այցի նախօրեին հանդիպել է ԱՄՆ դեսպան Յենն Քելլիին: Կողմերը քննարկել են Վրաստանում պաշտպանական բարեփոխումների շրջանակում ԱՄՆ օգնությունը և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ նոր շրջափուլ է թևակոխում:
«ԱՄՆ-ն Վրաստանին պաշտպանական համակարգում բարեփոխումների համար ավելի քան 100 մլն դոլար կտրամադրի, ինչն ավելի կբարձրացնի Վրաստանի պաշտպանական կարողությունները և երկրների միջև ռազմավարական համագործակցությունը»,–հայտարարել է ՊՆ ղեկավարը:
Վրաստանի պաշտպանության նախարարն ԱՄՆ կայցելի հաջորդ շաբաթ. նախատեսված է հանդիպում Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի զինված ուժերի մասշտաբային վերապատրաստման շրջանակներում առաջին ստորաբաժանում արդեն սկսել է ուսուցումը ԱՄՆ կարգադրիչների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ղեկավարմամբ:
ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրեր: Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ ամերիկացի հրահանգիչների ղեկավարմամբ պետք է վերապատրաստվի 2018-ին:
Վրաստանում մեկնարկել է նաև Գերմանիայի Հոհենֆելսի ռազմական պատրաստության կենտրոնի օրինակով նոր կենտրոնի շինարարություն: Հոհենֆելսում Աֆղանստան մեկնելիս պատրաստություն են անցնում տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողները: