«Իսլամական պետության» պարտությունն ԱՄՆ-ին վերադարձնում է ակտիվ հակաասադական պայքարի

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) ղեկավար Ջիմ Մետտիսը հայտարարել է, որ իրենք ջանքեր են գործադրում սիրիական հակամարտության քննարկումները կրկին Ժնև տեղափոխելու համար: Մետտիսն այս հարցը քննարկել է Հյուսիսային Եվրոպայի 12 պետությունների ներկայացուցիչների հետ:  Պենտագոնի ղեկավարի խոսքերը փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ

Ներկայում սիրիական հակամարտության ակտիվ բանակցություններ ընթանում են Աստանայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ: Աստանայում փորձում են լուծել Սիրիայի այն հատվածների խնդիրները, որը նշված ուժերի վերահսկողության տակ է:

Ավելի վաղ մեկնարկած Ժնևի գործընթացը վերաբերում է  Սիրիայի ողջ տարածքին և միջազգային ավելի լայն ձևաչափով է անցկացվում:

Ավելի վաղ ԱՄն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հասկացրել էր, «Իսլամական պետության» պարտությունից հետո իրենք «սլաքները կուղղեն» Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգի դեմ: Նա նշել է, որ «Ասադը պետք է հեռանա»: ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի հակաասադական ընդդիմությանը, ինչպես նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» (YPG):

Եթե Ասադի հարցում բախվում են ԱՄՆ և Ռուսաստանի շահերը, ապա քրդերի հարցում՝ Վաշինգտոնի և Անկարայի: Թուրքիան քրդերին համարում է «ահաբեկիչներ», իսկ ԱՄՆ-ն՝ դաշնակիցներ: Մետտիսը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենք քրդերից հետ կվերցնեն զենքերը, երբ ԻՊ դեմ գործողություններն ավարտվեն:

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ ԱՄՆ-ն մինչ օրս զինել է շուրջ 40-50 հազար Սիրիայի քրդի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *