Նոյեմբերի 6-ին Սիրիայում՝ Դեր Զոր քաղաքի թաղամասերից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի ԶՈւ 5 զինծառայող, նրանց հետ միասին վնասվածքներ են ստացել նաև ռուսաստանյան «Զվեզդա» և «ՆՏՎ» հեռուստաալիքների 4 լրագրող: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողները ՌԴ ԶՈւ «Միջազգային հակաականային կենտրոնի» աշխատակիցներ են և պայթունի ժամանակ տարածքի ականազերծման աշխատանքներ էին իրականացնում:
Բոլոր վիրավորվածները տեղափոխվել են «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ նրանց տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորված զինծառայողների և լրագրողների կյանքին ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել էին իրանական Press TV և Al-Alam հեռուստալիքների լրագրողների վրա: Լրագրողներ չէին տուժել, սակայն վիրավորվել էր Սիրիայի կառավարական բանակի 3 զինծառայող:
Նոյեմբերին 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող ուժերը ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Դեր Զոր քաղաքում: Դեր Զոր նահանգում էլ իսլամիստ զինյալների ձեռքում շատ քիչ տարածքներ են մնացել, նրանք հիմնականում գործում են Սիրիա-Իրաք սահմանային հատվածում: