Հյուսիսային Օսիայում ՌԴ հետախույզները խոչընդոտների հաղթահարմամբ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հաղթահարել են գրոհի տեղամասի (штурмовая полоса) խոչընդոտները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Վարժանքներն անցկացվել են 2017 թվականի ուսումնական տարվա մարտավարական պատրաստության պարապմունքների շրջանակներում:

Հակառակորդի կողմից հրաձգության պայմաններում տարածությունների վրա մշակվել են տեղաշարժի մարտավարական հնարքներ: Զինծառայողները վարժանքներն անցկացրել են հանդերձավորված:

Խոչընդոտների տեղամասը 400 մ տարածություն է, ներառում է ավելի քան 20 խոչընդոտ: Հոգեբանական բարդություններ ստեղծելու նպատակով երթուղում օգտագործվել են պայթուցիկ-փաթեթներ և «կրակային ծուղակներ», իսկ արգելքների հաղթահարման ընթացքում գործել են պայմանական հակառակորդի գնդացիրները:

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *