Հաջորդ շաբաթ Իրանը կբացի Իրաքյան Քրդստանի հետ Փարվիզխանի սահմանային անցակետը

Հաջորդ շաբաթ Իրանը վերաբացելու է Իրաքյան Քրդստանի հետ սահմանային Փարվիզխանի անցակետը։ Բացումը Իրանը նախատեսել է նոյեմբերի 5-ին, սակայն Իրաքյան Քրդստանից հայտնել են, որ դեռ որոշակի աշխատանքներ պետք է տարվեն։ Այս մասին նոյեմբերի 6-ին տեղեկացնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Ըստ քրդական կողմի՝ անցակետը կբացվի հաջորդ շաբաթ՝ «Արբայինի» սգո արարողությունների ավարտից հետո։

Ավելի վաղ Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել էր, որ շուտով Իրաքյան Քրդստանի և Իրանի միջև սահմանային սահմանափակումը կվերացվի։ Այս առնչությամբ նա այլ մանրամասներ չէր ներկայացրել։ Բաղերին ամենայն հավանականությամբ նկատի ուներ հենց անցակետերի բացումը։

Իրաքյան Քրդստանի հետ սահմանային Փարվիզխան, Հաջի Օմարան և Բաշմաղ անցակետերը  Իրանը փակել էր հոկտեմբերի 15-ին՝ Իրաքի կառավարության խնդրանքով։ Սակայն երբ անցակետերի փակման մասին լուրերը սկսեցին շրջանառվել, Իրանը հերքեց դրանք։

«Ինչպես մինչ այս հայտնել էինք՝ Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել ենք մեր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար, և ինչքանով որ տեղյակ եմ, այս ոլորտում նոր իրադարձություն չի եղել, -հայտարարել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին»։

Չնայած այդ հերքմանը՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Քրդստանի ռեգիոնալ կառավարության Սուլեյմանիեի շրջանային խորհրդի առաջարկով Իրանը բացել է Բաշմաղ սահմանային անցակետը։

Հավելենք, որ դեռևս սեպտեմբերի 24-ին՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի անցկացման նախօրեին, Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել էր իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Հանրաքվեի անցկացմանը Իրաքից բացի, կտրուկ դեմ էին արտահայտվում նաև Իրանը, Թուրքիան, որոնք նախքան հանրաքվեի անցկացումը զորավարժություններ  սկսեցին Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմաններին։

Հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս: Բախումները ապա շարունակվել են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանային անցակետերի հատվածում:

Հոկտեմբերի 24-ին արդեն  Իրաքյան Քրդստանը որոշում ընդունեց սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները և փորձել բանակցությունների գնալ պաշտոնական Բաղդադի հետ, սակայն Բաղդադը պահանջում է հանրաքվեի արդյունքների վերջնական չեղարկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *