Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայի սպաները նոյեմբերի սկզբին անցկացրել են «քաղաքային մարտերի» սցենարով մարտավարա-մասնագիտական վարժանքներ: Զորավարժությունը ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը: Այս մասին նոյեմբերի 3-ին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Զորավարժությունն անցկացվել է «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում: Ներգրավվել են մոտոհրաձգային, տանկային, զենիթահրթիռային, հրետանային, ինժեներական, բժշկական ստորաբաժանումների զինծառայողներ:
Վարժանքների սցենարով խաղարկվել են պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումներից մարտական գործողություններով քաղաքի ազատագրման և պատանդներին փրկելու առաջադրանքներ:
Ինքնագնաց հրետանային համակարգերի և զենիթահրթիռային համալիրների հաշվարկներն ապահովել են հարձակման հրետանային և հակաօդային պատրաստությունը: Տեղանքը նախ հետախուզվել է անօդաչու թռչող սարքերով, այնուհետև անձնակազմերը Տ-72 տանկերով և ՀՄՄ-ներով շրջափակել են քաղաքն ու անցել հարձակման:
Վերջին փուլում հետախուզական, բժշկական և ինժեներա-սակրավորային ստորաբաժանումները մաքրել են քաղաքը, ազատել պատանդներին և բժշկական օգնություն ցուցաբերել:
Զորավարժությանը ներգրավվել են ավելի քան 300 զինծառայող, շուրջ 50 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա: