Իրաքի կառավարական բանակի և քրդական «Փեշմերգա» զորաջոկատների միջև վերջին շրջանում ընթացող բախումներում սպանվել է քրդական զորաջոկատների շուրջ 60 մարտիկ, շուրջ 150-ն էլ վիրավորվել է: Այս մասին հայտարարել է «Փեշմերգայի» հրամանատարության գլխավոր քարտուղար Յավար Ջաբբարը, փոխանցում է քրդական NRT հեռուստաալիքի կայքը:
Նա նաև հայտնել է, որ «Փեշմերգան» և Իրաքի բանակի հրամանատարությունը բանակցություններ են սկսել, որն իրականացվում են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո:
«Բայց մենք Իրաքի ուժերի հետ դեռևս որևէ համաձայնության չենք հասել:… Մենք պատրաստ ենք դադարեցնել մարտերը և մենք չենք ցանկանում կռվել Իրաքի ուժերի հետ», – ասել է Յավար Ջաբբարը:
Նաև նաև առաջարկել է «Փեշմերգայի» և Իրաքի բանակի համատեղ ուժեր տեղակայել հարևան երկրների հետ ունենացած սահմանային անցակետերում:
Հիշեցնենք, որ Իրաքի ղեկավարությունը քրդերից պահանջում է կառավարական բանակի վերահսկողությանը թողնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի և Իրանի հետ սահմանային այն անցակետերը, որոնք դեռևս վերահսկում են քրդական ուժերը:
Նոյեմբերի 2-ին Իրաքի կառավարական ուժերը սպառնացել են վերսկսել ռազմական գործողությունները քրդերի դեմ, քանի որ քրդերը կառավարական ուժերի վերահսկողությանը չէին հանձնել սահմանային անցակետերը՝ ինչի մասին «պայմանավորվածություն» էր եղել կողմերի միջև:
Իրաքյան Քրդստանի և Իրաքի կենտրոնական իշխանությունների միջև ճգնաժամը խորացել էր քրդերի անկախության հանրաքվեից՝ սեպտեմբերի 25-ից հետո: Իրաքի կառավարական բանակի հետ բախումներում մի շարք կարևոր տարածքներ, այդ թվում նաև Քիրքուքն ու Սինջարը կորցնելուց հետո, Իրաքյան Քրդստանի իշխանությունները որոշեցին 8 ամսով սառեցնել հանրաքվեի արդյունքները և նաև հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները, սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է արդյունքների վերջնական չեղարկում: