Նոյեմբերի 5-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան և Հաքուրք շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են PKK-ի զենք ու զինամթերքի պահեստները, դիրքերը և թաքստոցնեերը:
Թուրքիայի օդուժը քրդական կառույցի ճամբարները ռմբակոծել է նաև նոյեմբերի 3-ին: Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ թուրքական օդուժը Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի 36 թիրախ է ոչնչացրել:
Նշենք, որ Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակում են նաև երկրի տարածքում, մասնավորապես քրդաբնակ արևելյան և հարավարևելյան նահանգներում:
Թուրքիայի տարածքում ուժայինների և PKK-ի բախումները, հարաբերական դադարից հետո, վերսկսել են 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված է Թուրքիայի ԶՈւ տարբեր ստորաբաժանումներ, ժանդարմերիան, ոստիկանական ուժերը: