ՀՀ ՊՆ-ն 1-ին կարգի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարաններ հատկացնելու համար հայտարարում է կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների անհատույց ձեռքբերման մրցույթներ: Գնանշման հարցման հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, ժամը 10:30-ն։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է որպես մասնակից գրանցվեն www.armeps.am կայքում։ Համակարգում մասնակցի գրանցման գործընթացը նկարագրված է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Էլեկտրոնային գնումներ» բաժնում տեղադրված ձեռնարկում։
Նրանք հրավերներով սահմանված ժամկետներում պետք է մասնակցության հայտ ներկայացնեն «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/1» և «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/2» ծածկագրերով գնանշման հարցման ընթացակարգերին:
Մրցույթը հայտարարվել էլեկտրոնային գնումների եղանակով Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված քաղաքացիների համար։
Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքերում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես լուծել ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:
Ավելի ուշ՝ հունիսի 28-ին, Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նոր ֆինանսական աղբյուրների շնորհիվ ՊՆ-ն զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան տալու ծրագիրը 3 տարվա փոխարեն կավարտվի մինչև 2017թ․ տարեվերջ։
Կառավարությունը, ուսումնասիրելով ֆինանսավորման հնարավորությունները, որոշել էր ճանապարհային խախտումներից գանձվող գումարների մի մասն (1 մլրդ) ուղղել այս խնդրի լուծմանը։