Նոյեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում քննարկել և որոշումներ են ընդունել 5 մլրդ դոլար արժողությամբ տարբեր նոր պաշտպանական ծրագրերի շուրջ: Նշված նախագծերի թվում են՝ նոր ուղղաթիռների, նավերի, ՀՕՊ միջոցների արտադրություն ևն: Նիստի արձանագրությունը հրապարակվել է Թուրքիայի ՊԱԳՎ կայքում:
Նիստը ղեկավարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մասնակցել են պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Քննարկված 22 նախագծերի թվում են՝
- Մեծ հեռահարության ազգային հակաօդային և հակահրթիռային միջոցների նախագծում.
Թուրքիան մինչ օրս չի կարողացել ստեղծել սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգ: Ներկայում Ս-400-ների գնման պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանի հետ: Բայց առայժմ մշուշոտ է այդ համակարգերը Թուրքիայում արտադրելու հավանականությունը. ռուսաստանյան կողմն առայժմ բացառում է դա:
2017 թ. հունիսին թուրքական կողմից հայտնել էին, որ բանակցում են եվրոպական Eurosam ընկերության հետ համատեղ ՀՕՊ համակարգեր արտադրելու շուրջ: Խոսքը մինչև 100 կմ հեռահարության Stamp/T համակարգերի մասին է:
- Տանկերի արդիականացում և զանգվածային արտադրություն.
Թուրքիայում շուրջ 10 տարի փորձում են արտադրել «Ալթայ» տանկեր, սակայն մինչ օրս չլուծված է մնում շարժիչների խնդիրը: 2017 թ. հոկտեմբերին հայտարարվել է տանկի շարժիչների նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բացառապես տեղական ընկերությունները: Սա այն պատճառով, որ նախորդ տարիներին նախ Գերմանիան էր հրաժարվում շարժիչ տրամադրել, այնուհետև Ավստրիայի էմբարգոյի պատճառով չեղարկվեց ավստրիականա ընկերության հետ համաձայնագիրը:
Բացի այս, Թուրքիայում սկսել են մեկ այլ՝ թեթև տանկի նախագծման աշխատանքներ:
- Նոր անօդաչու թռչող սարքերի նախագծում, առկա ԱԹՍ-ների սերիական արտադրության ավելացում.
Թուրքիայում ԱԹՍ-ների արտադրությունը բավականին զարգացած է: Անօդաչուներ արտադրող հիմնական ընկերությունների թվում են TAI, Kale ve Baykar, Vestel, MKEK ընկերությունները: Արտադրվում են ինչպես հետախուզական փոքր և մեծ չափի սարքեր, այնպես էլ ՝ խոշոր հարվածային և մահապարտ անօդաչուներ: Մահապարտների արտադրությունը մեկնարկել է միայն 2017 թ. աշնանից:
Հիմնական խոշոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներից են՝ «Անքա», «Բայրաքթար» անօդաչուների տարբեր տեսակները: Ընթանում են նոր հետախուզական խոշոր ԱԹՍ-ի նախագծման աշխատանքներ:
- Հարվածային և բազմանպատակային ուղղաթիռների արդիականացում, նախագծում, զանգվածային արտադրություն.
Թուրքիայում ներկայում հավաքում են Իտալիայի հետ համատեղ արտադրության՝ իտալական A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա կառուցված T-129 Atak հարվածային ուղղաթիռներ: Ներկայում Թուրքիայի ցամաքային զորքերում կա 24 միավոր «Աթաք»: 2017 թ. աշնանից Թուրքիան սկսել է «Աթաք»-ի նոր տարբերակի նախագծման աշխատանքներ:
Բացի այդ ընթանում են նաև T-625 բազմանպատակային ուղղաթիռի և 10 տոննա քաշով բեռնատար ուղղաթիռի նախագծման աշխատանքներ:
Քննարկվել են նաև՝
- ՄԻԼԳԵՄ դասի ֆրեգատների արտադրություն, «Պրևազա» դասի սուզանավերի արդիականացում, նախագծում և արտադրություն,
- Ծովային պլատֆորմների և այդ պլատֆորմներից արձակվող հրթիռների և այլ զենքերի նախագծեր,
- Տարբեր բնութագրերով հրթիռների և «խելացի» զինամթերքներ,
- Էլեկտրոնային խափանման և էլեկտրոնային պայքարի միջոցներ,
- Տարբեր տրամաչափի և չափերի նռնականետներ, հրացաններ, ատրճանակների նախագծում, զանգվածային արտադրություն: