Նոյեմբերի 3-ին Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգում զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 8 զինծառայող: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:
Արևմտյան Ադրբեջանի փոխնահանգապետը հայտնել է, որ բախումները գրանցվել են Արևմտյան Ադրբեջանի Չալդորան շրջանում՝ անմիջապես թուրք-իրանական սահմանին: Նա նաև հայտնել է, որ սահմանապահները սպանել են մեծ թվով զինյալների:
Բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ զինյալները եղել են PJAK-ի անդամներ (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»):
PJAK-ը 2003-ին Իրանում ստեղծված քրդական կազմակերպություն է, որը ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան և Քերմանշահ նահանգներում:
Կառույցի ռազմական թևը կոչվում է HRK (քրդ. Hêzên Rojhilata Kurdistan, «Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանություն»), որը 2004 թվականից Իրանում քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու համար բախումների մեջ է իրանական իշխանությունների հետ: