Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում հնարավոր է՝ հայկական ստորաբաժանում ընդգրկվի

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր Իտալիան պաշտոնապես դիմել է ՀՀ –ին՝ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որն իրականացնելու է առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:

Հայ խաղաղապահներ

Այս պահին բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ՝ ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ, մասնավորապես՝ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: Բանակցությունների նպատակով մյուս շաբաթ Հռոմ կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա: Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ:

2012-ից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա:

Նշենք նաև, որ ՄԱԿ-ի կողմից ստացվել է նաև Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ և որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *