Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստան էր Ժամանել ռուսաստանյան ինքնաթիռաշինական «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Կորպորացիա Իրկուտի» ներկայացուցիչը և ՀՀ ՊՆ տեղակալ-Ռազմարդյունաբերական պետական կոմիտեյի նախագահ Դավիթ Փախչանյանը
Այցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ՊՆ տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբին:
Այցը կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության կատարման շրջանակներում: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Նշենք, որ «Կորպորացիա Իրկուտի» գործարաններում արտադրվում են Սու-30ՍՄ և Սու-30ՄԿ կործանիչներ, ուսումնամարտական Յակ-130, Յակ-152 ինքնաթիռներ, ավիացիոն այլ տեխնիկա ևն:
Հիշեցնենք, որ 2015 թ. «Իրկուտ» ավիաշինական ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն հայտարարել էր, որ իրենք բանակցում են Հայաստանին ուսումնամարտական ինքնաթիռներ վաճառելու շուրջ:
Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ:
- Անձնակազմը՝ 1 կամ 2 հոգի,
- Սպառազինությունը՝
- 23մմ թնդանոթների կոնտեյներներ,
- «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ,
- առավելագույնը 3000կգ զանգվածով ռումբեր,
- Առավելագույն արագությունը՝ 960կմ/ժ է,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5կմ,
- Շահագործման ժամկետը՝ 12 հազար թռիչքային ժամ: